2 Chronicles 26
1 Հուդայի երկրի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամյա Ոզիասին և թագավոր դարձրեց նրան իր հայր Ամասիայի փոխարեն։
2 Նա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ արքան արդեն գնացել էր իր նախնիների գիրկը։
3 Ոզիասը թագավոր դարձավ տասնվեց տարեկան հասակում և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա երուսաղեմացի մոր անունը Հեքեղիա էր։
4 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև այն ամենի համաձայն, որ իր հայր Ամասիան էր արել։
5 Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։
6 Նա ելավ ու պատերազմեց այլազգիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբիսի պարիսպը, Ազովտի պարիսպը և Ազովտում ու այլազգիների այլ տարածքներում քաղաքներ կառուցեց։
7 Տերը նրան զորացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների և մինեցիների դեմ։
8 Մինեցիները հարկ էին տալիս Ոզիասին։ Նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոս, որովհետև նա շատ հզորացավ։
9 Ոզիասը Երուսաղեմում Ձորի դռան ու Անկյան դռան մոտ աշտարակներ կառուցեց և ամրացրեց դրանք։
10 Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։
11 Ոզիասը պատերազմի պատրաստ զորք ուներ, որ գնդերով մարտի էր ելնում։ Նրանց հաշիվն արվում էր Հեել գրագրի և Մասեա դատավորի կողմից՝ արքայի փոխանորդ Անանիայի վերատեսչությամբ։
12 Քաջ պատերազմողների մեջ տոհմապետների ամբողջ թիվը երկու հազար վեց հարյուր էր։
13 Նրանց հետ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր հոգուց բաղկացած պատերազմող զորք։ Սրանք էին, որ մեծ զորությամբ պատերազմելով՝ օգնում էին արքային թշնամիների դեմ։
14 Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։
15 Երուսաղեմում նա մեծ վարպետությամբ սարքված մեքենաներ պատրաստել տվեց, որպեսզի պարիսպների ու անկյունների վրա դրվելով՝ նետեր ու հսկա քարեր արձակեն։ Նրա ռազմական պատրաստության մասին լսեցին հեռավոր տեղերում, որովհետև նա սքանչելիորեն օգնություն գտավ, մինչև որ հզորացավ։
16 Երբ Ոզիասը հզորացավ, այնքան մեծամտացավ, որ անխուսափելի դարձավ նրա կործանումը։ Նա անիրավություն գործեց Տիրոջ՝ իր Աստծու դեմ. մտավ Տիրոջ տաճարը և խունկ ծխեց խնկի սեղանի վրա։
17 Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, Ազարիայի հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ՝ հզոր մարդիկ,
18 որոնք, կանգնելով Ոզիաս արքայի դիմաց, ասացին նրան. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»։
19 Ոզիասը զայրացավ։ Իր ձեռքում էր տաճարում խունկ ծխելու բուրվառը։ Եվ երբ բարկացավ քահանաների վրա, բորոտություն երևաց նրա ճակատին քահանաների առջև՝ Տիրոջ տանը, խնկի սեղանի մոտ։
20 Առաջին քահանան և մյուս քահանաները նրա կողմը դարձան և տեսան, որ նրա ճակատը բորոտությամբ է պատված, ուստի նրան անմիջապես դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տերը պատժել էր նրան։
21 Ոզիաս արքան բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա, բորոտ լինելով, ապրում էր առանձին տան մեջ, որովհետև արտաքսված էր Տիրոջ տնից։ Նրա որդի Հովաթամը, ստանձնելով թագավորական տան վերակացությունը, ղեկավարում էր երկրի ժողովրդին։
22 Ոզիասի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի է առել Ամովսի որդի Եսայի մարգարեն։
23 Ոզիասը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր նախնիների մոտ՝ թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին. «Նա բորոտ է»։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Հովաթամը։